Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիան նպատակային աշխատանքներ է տանում մարզաձևի հիմքերը երկրում ամրապնդելու ու լավ ավանդույթները վերականգնելու համար: Եվ այդ գործը կարծես հաջողվում է:
Ունենք խոցասուսերակիր օժտված պատանիներ: Նրանց բանակը համալրում են ճկասուսերակիրները, որոնք վերջին շրջանում մրցանակների են արժանանում միջազգային ստուգատեսներում:
Գոհացնող են մանավանդ Թբիլիսիում անցկացված ճկասուսերակիրների մասնակցությամբ միջազգային պատանեկան մրցաշարի արդյունքները:
Մարտուղյակներում միմյանց դեմ պայքարեցին Հայաստանի, Ղազախստանի, Քաթարի, Թուրքիայի և Վրաստանի մինչև 16 տարեկան մարզիկները:
Կարելի է պատկերացնել մեր պատվիրակության ոգևորությունը, երբ պատվո հարթակը ամբողջովին զբաղեցրին մեր տղաները: Գագիկ Մորիկյանը ճանաչվեց առաջինը, Նարեկ Հովհաննիսյանը ՝ երկրորդը, իսկ Խաչատուր Սեթոյանը և Նարեկ Սահակյանը ՝ երրորդը:
Մրցանակակիր քառյակը մարզվում է անցյալի նշանավոր սուսերակիր Գագիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ: